ՈՒրարտական թագավորություն
2022-06-15 03:12:00

ՈՒրարտական թագավորություն

ՈՒրարտական թագավորությունը համարվում է Ք. ա. առաջին հազարամյակում Հին Մերձավոր Արևելքի ամենահզոր տերություններից մեկը: ՈՒրարտուն կայսրություն էր, որն առանձնանում էր նաև իր յուրօրինակ մշակույթով: Պատկերազարդ բարձրաքանդակներ, եզակի որմնանկարներ, դրվագազարդ մետաղե տարբեր առարկաներ, նրբաճաշակ զարդեր, սրանք Վանի թագավորության մշակույթը ներկայացնող մի քանի բնագավառներից են, որոնք առ այսօր հիացնում են իրենց բարձր ճաշակով և կատարողական բարձր վարպետությամբ:

ՈՒրարտական տերության մշակույթը լավագույն ներկայացված է նաև Էրեբունի հնավայրից հայտնաբերված տարբեր գտածոներով:

Էրեբունի ամրոցն ու թանգարանը համարվում են ոչ միայն Հաստանի, այլև տարածաշրջանի հնագույն պատմությունն ու մշակույթը ներկայացնող վայրերից մեկը:

Էրեբունի ամրոցն ունի առավել քան 2800ամյա պատմություն:

Էրեբունի թանգարանում է գտնվում Հայաստանի մայրաքաղաք Երևանի ծննդյան վկայականը՝ քարե սեպագիր արձանագրությունը, որտեղ Վանի թագավորության նշանավոր միապետ Արգիշթին տեղեկացնում է Էրեբունիի հիմնադրման մասին: Այստեղ կարելի է տեսնել բացառիկ որմնանկրաներ, զենքեր, կարասներ և այլ արժեքավոր գտածոներ: Էրեբունի թանգարանում են պահվում ամենաբարձր որակի արծաթից պատրաստված չորս արծաթե բացառիկ եղջերագավաթները, որոնք համարվում են Հին Հայաստանի մշակույթի ամենաներկայանալի առարկաներից և մինչ այսօր հիացնում են իրենց պատկերումներով և կատարողական բարձր վարպետությամբ:

Իր բնույթով բացառիկ այս թանգարանի ցուցադրությունը հարստացնում են նաև զարդերը, ինչպիսիք են օձերի և առյուծների գլուխներով ապարանջանները, առյուծի և ցուլի որսի տեսարանով գոտին, հերակալները, շիկղերը, տարատեսակ ուլունքաշարերը, որոնք  ներկայացված են առանձին բաժնում:

Նյութի հեղինակ

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն՝

Միքայել Բադալյան